Հայ

Ի՞նչ

Փայտաշեն արահետ-սանդուղքով բարձրացող անծանոթն ասես հեքիաթային մի կղզյակ է հայտնաբերում՝ շրջապատված խիտ կանաչով ու ծաղկածածկ մարգագետնով: Անտառի հետ նման գոյակցությունը վտանգազերծված է տարածքի ամբողջական ցանկապատով ու լուսավորվածությամբ. այնպես որ, գայլերի և արջերի ներխուժման պատմությունը խարույկի շուրջ հավաքվածներին սյուժե կարող է ծառայել միայն կատակելու համար կամ երևակայության չարաճճի խաղի:

Գործունեության սկզբում «Մաուգլին» առաջարկել է վրանային հանգիստ, ապա ավելացել են փայտե գողտրիկ տնակները, որոնք հեքիաթային խրճիթների տպավորություն են թողնում, իսկ ետնաբեմում համատարած ու խիտ անտառն է:

Տնակների ներքին կահավորանքն ու հարդարանքը պարզագույն են՝ փայտե մեծ ձեռնաշեն մահճակալներ, սեղանիկ՝ դարակներով, հայելի և կախիչներ. նման «մինիմալիզմը» պայմանավորված է էկոտուրիզմի հիմնական սկզբունքներով՝ բնական նյութերի օգտագործում, քաղաքային ու «քաղաքակիրթ» հարմարավետության, պաճուճապատանքի հնարավոր բացառում:

Հարկ է նշել, որ սանհանգույցն առանձնացված է, քանի որ տնակներին կից դրանց կառուցումն աննպատակահարմար է մի շարք օբյեկտիվ նկատառումներով:

Վրանները 2-4 տեղանի են: Դրանցում գիշերող յուրաքանչյուրի համար նախատեսվում է փչովի ներքնակ, անկողին: Վրանները պաշտպանված են անջրանցիկ հավելյալ ծածկերով, իսկ ամբողջ շառավիղը խրամատաձև փորված է՝ անձրևաջրերի ներհոսքից պաշտպանելու նպատակով:

Ճաշարանը բացօթյա է, սնունդը՝ օգտակար ու շատ համեղ, ախորժակը՝ երաշխավորված:

Միջին չափի լողավազանը, որ գտնվում է տարածքի վերնամասում՝ արևոտ բացատում, թարմության ու երեխայական հրճվանքի զգացողություն է պարգևում:

Ակտիվ հանգստի սիրահարներին սպասվում են հետաքրքիր բացահայտումներ՝ լեռնագնացություն, ձիարշավներ, խաղ-մրցություններ, կարաոկե-երեկույթներ և այլն: Իսկ ռոմանտիկայի, գեղագիտության կամ ընթարցասիրության հակվածները ներշնչանք կգտնեն լեռնային հովի ամեն կանչի մեջ:

Գուցե հենց լեռնային այդ անուշ, «լոռեցի» հովի շնորհիվ է միջավայրն այդքան հյուրընկալ՝ պայծառ տրամադրություն ներարկող:

«Մաուգլին» բնության ու քո անուշ երկխոսությունն է, քո հանդիպումը՝ անտառային հեքիաթի հետ: